Եթե կոնֆլիկտային իրավիճակներում ու դրանց հետևող կոմպրոմիսային լուծումների փնտրտուքի ժամանակ նայում ենք մարդկային հարաբերությունների գամմային, ապա անհավասարակշիռ կոնֆլիկտային վիճակից դեպի հավասարակշռություն անցումը, հատկապես պետական մակարդակում, կատարվում է մի ունիվերսալ ալգորիթմով, ըստ որի, այդ անցումը կատարվում է մի քանի փուլով։
Առաջին փուլում ուժային հավասարակշռության հնարավոր ռեժիմի փնտրտուքը սկսվում է առավել ազդեցիկ ու դոմինանտ հզորների միջև (ներկա պայմաններում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան) , որի հիմնական նպատակն էլ աշխարհը նրանց ազդեցության սֆերաների բաժանելն է, այն էլ, մնացած երկրորդական ու երրորդական ուժերի հետ կապված անորոշությունների պայմաններում, ներառյալ ԵՄ-ը, Հնդկաստանը և ուրիշներ։
Միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռին ներկայում կատարվող անցումն էլ ուղեկցվում է ուժային հավասարակշռության ռեժիմի փնտրտուքով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև, մի պրոցես, որի ելքը մեծապես պայմանավորված է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ընթացող ուկրաինական միջնորդավորված պատերազմի ելքից։
Իսկ այդ պատերազմի ելքը, որը գնում էր դեպի Ռուսաստանի հաղթանակ, որոշակիորեն նկատելի էր դեռևս Բայդենի իշխանության օրոք, բայց Արևմուտքը դա ընդունել չէր կարող, քանի որ դա մնացած աշխարհի կողմից կարող էր ընկալվել որպես Ռուսաստանի հաղթանակ ամբողջ Արևմուտքի նկատմամբ։
Նման իրավիճակում իշխանափոխությունն ԱՄՆ-ում և Թրամփի նախագահ դառնալը ներկա գլոբալ հակամարտության համար վճռական դարձան։
Թրամփն իր որոշումներով ու գործողություններով, որոնք առաջին հայացքից կարող էին երևալ որպես անհետևողական ու ոչ էֆեկտիվ, հասավ ԱՄՆ-ի համար կարևոր արդյունքների։
Նախ, նա, տեսնելով գործերի իրական վիճակն Ուկրաինայում և սթափորեն գնահատելով գլոբալ ուժերի նոր դասավորությունը աշխարհում, ըստ էության, հասկացավ, որ ուժային բազմաբևեռությունն արդեն համարյա կայացած փաստ է և, ըստ այդմ էլ, ձեռնարկեց որակապես նոր վճռական քայլեր, որոնց նպատակը կոմպրոմիսի փնտրտուքն էր Ռուսաստանի ու Չինաստանի հետ ու, որն էլ, միաժամանակ, աշխարհը կարող էր տանել դեպի մեծ պոտենցիալ վտանգներ պարունակող լարվածության թուլացում։
Նախ, նա հայտարարեց, որ ուկրաինական պատերազմը իրենը չի, այլ Բայդենինն է, և այն չէր էլ սկսվի, եթե ինքը լիներ նախագահ ու, բացի դրանից, պատերազմի պատասխանատվությունն ու բեռը դրեց ԵՄ-ի և Ուկրաինայի վրա, իրեն թողնելուվ դիտորդի ու հաշտարարի դերը, որը հետապնդում է նաև նման իրավիճակից իր երկրի համար առավելագույն շահ ստանալու նպատակ։
Հետո էլ, տեսնելով, որ ուժային նոր պայմաններում ԱՄՆ-ի համար լավագույն լուծումը դեպի ուժային հավասարակշռություն գնալն է Ռուսաստանի և Չինաստանի հետ, Թրամփն այս ուղղությամբ ձեռնարկեց քայլեր, որոնց նպատակն էր՝ մնալ հնարավորինս ազդեցիկ և առավելագույն պոտենցիալ շահ ապահովել իր երկրին։
Ներկա, արդեն փաստացի բազմաբևեռ ու դեռևս անհավասարակշիռ աշխարհը դեպի հնարավոր հավասարակշռություն տանելը մի բարդ պրոցես է, որի ամենախճճված բաղադրիչներից մեկը Եվրոպան է՝ իր թուլությամբ ու իներցիոն բնույթի մեծ ամբիցիաներով։
Շատ վերլուծաբաններ Եվրոպայի համար կանխատեսում են անկայուն և դժվարություններով լի ապագա, որի մասին՝ մեկ ուրիշ անգամ։
Պավել Բարսեղյան